Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ Ջորջ Օրուելի «1984»-ը մեր մասին է

Ինչո՞ւ Ջորջ Օրուելի «1984»-ը մեր մասին է
21.05.2018 | 22:23

Հակաուտոպիա «1984»-ը հաճախ անվանում են դժվար ժամանակներում ապրողների տեղեկատու: Ջորջ Օրուելի 20-րդ դարակեսին գրված վեպի հանրաճանաչությունը վերջերս նկատելիորեն մեծացել է: Ինչու՞ «1984»-ը չի կորցնում այժմեականությունը: Տոտալիտարիզմի սարսափները ներկայացնող գեղարվեստական այդ ստեղծագործությունը նախկինի պես շոկի է մատնում: Եվ առաջինը, որ ցնցում է, այն ամենի ճանաչելիությունն է, որ նկարագրում է Օրուելը: Երկակի ստանդարտները, նորալեզուն, մտքերի ոստիկանությունը, սիրո նախարարությունը, որ ցավ է պատճառում, մատնում հուսահատության ու ոչնչացնում այլախոհությունը, խաղաղության նախարարությունը, որ պատերազմներ է հրահրում, ռոբոտ-գրողները, որ պոռնոգրաֆիկ գրականություն են արտադրում զանգվածների ուշադրությունը շեղելու համար:


Ինչ-որ ժամանակ Օրուելը մեր աչքերը բացեց տոտալիտար համակարգերի գործունեության վրա: Բայց այսօր մենք կարդում ենք «1984»-ը այլ կերպ` տագնապով, փորձելով հասկանալ որքան հեռու են գնացել մեր պետություններն ու ընդհանրապես աշխարհը դեպի դժոխք ճանապարհով, որ նկարագրում է Օրուելը: Վեպը մարգարեակա՞ն է: Գուցե: Վեպը, որ ապշեցնում է, հուզում, ստիպում ընդունել իր ճշմարտությունը ու մտածե՞լ: Միանշանակ` այո: 1949-ին հրապարակված վեպը գրվել է ավերակների վրա, որ թողել էր պատերազմը, սոված, հոգնած ու տանջված մարդկանց մեջ: Զարմանալի է, բայց այսօր վեպն այմեական է առավել, քան երբևէ: «1984»-ը մեզ զինում է կարևոր գիտելիքով: Վեպը սկսվում է ընդգծված չորությամբ («Սառը ապրիլյան օր էր, ժամացույցը ցույց էր տալիս 13-ը»), մանրազնին նկարագրում է ժամանակակից բռնապետության առանձնահատկությունը: Գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթն աշխատում է ճշմարտության նախարարությունում, որը զբաղված է պատմության մշտական նորացումով` հարմարեցնելով ժամանակակից հանգամանքներին և քաղաքական ասպարեզի փոփոխություններին: Նրան և մյուս աշխատակիցներին անդուլ հետևում է Մեծ Եղբայրը, որ ամեն ինչ տեսնում է ու գիտի: 1984-ին վեպում քաղաքացիներին հետևում են հեռուսաէկրաններից ու յուրաքանչյուը լրտեսում է մյուսին: Այսօր սոցցանցերը հետևում են մեր յուրաքանչյուր գործողությանը, գնումին կամ մեկնաբանությանը, որ թողնում ենք ինտերնետում: Նրանք մշտապես ներկա են մեր կյանքում և պնդերեսորեն փորձում են գուշակել մեր յուրաքանչյուր ցանկությունը: Սպառողի ընտրությունը մանրամասն ուսումնասիրվում է ու վերածվում ապրանքի, որ հնարավոր է վաճառել շուկայում:

Օգտատիրոջ նախապատվությունները դառնում են քաղաքական արշավների օբյեկտ` աղավաղելով ժողովրդավարության սկզբունքները: Օրուելը հասկանում էր, որ տոտալիտար վարչակարգերին միշտ թշնամի է պետք:

«1984»-ում նա նկարագրում է` ինչպես քարոզչության միջոցով անհրաժեշտ գաղափարները ներշնչվում են զանգվածներին: Բացի այդ` իրենց «ատելության 2 րոպեներով» (բոլոր քաղաքացիների համար պարտադիր ամենօրյա ֆիլմի դիտում պետության թշնամիների մասին) նա ճշգրիտ կանխագուշակել է այն երևույթը, որ այսօր կոչվում է օնլայն ագրեսիա: Վեպի հերոս Ուինսթոն Սմիթը ասում է. «Ատելության երկրոպեներում ամենաահավորն էր, որ, մասնակցելով, հնարավոր չէր անմասնակից մնալ… Վախի ու վրեժի արգահատելի էքստազը, սպանելու, տանջելու, դարբնի մուրճով ինչ-որ մեկի գանգը ջարդելու ցանկությունը էլեկտրականության նման, անցնում էր ամբողջ սրահով` իրենց ցանկության հակառակ` մարդկանց վերածելով ճչացող ու ծամածռվող խախտվածների»: Այսօր քաղաքական, կրոնական ու առևտրական կազմակերպությունները ճիշտ այդպես խաղում են ինտերնետի օգտատերերի զգացումների վրա: Օրուելը զարմանալի դիպուկ է նկարագրում` ինչպես են նրանց գործողությունները ծնում իրենց ատելության մեջ միավորվելու ցանկություն: Դառնալով մեր ժամանակի խորհրդանիշներից մեկը և հաստատուն տեղավորվելով մեր բառապաշարում, հատուկ անուն դարձած Մեծ Եղբայրը` Օրուելի վեպի բռնապետը, ապշեցնում է իր գործողությունների անհեթեթությամբ ու միաժամանակ սարսափի մատնում: Օրուելի նկարագրած գաղափարներր արմատը 20-րդ դարն այլանդակած գաղափարախոսական հրեշների, նրա գլխավոր «իզմերի» դիմակայությունն է: Գրողը պայքարում էր ֆաշիզմի դեմ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (պացիֆիզմը համարելով շքեղություն, որի դիմաց վճարում են ուրիշները), բայց նաև գիտակցում էր կոմունիզմի դատարկ խոստումները: Նա անմիջական վկան էր գաղափարին կուրորեն հավատացողների ինքնախաբեության, երբ կռվում էր աշխարհազորի շարքերում, որ ձևավորել էր հակաստալինյան կոմունիստական կուսակցությունը: Նրանց դիրքերը խիստ տարբերվում էին Իսպանիայի ստալինյան կոմունիստական կուսակցության դիրքերից և Օրուելը անձամբ է տեսել, որ կոմունիստներն Իսպանիայում պայքարում են հեղափոխության հետ:

Այսօր այլ «իզմերի» ժամանակն է: Սակայն ազգայնականությունը և պոպուլիզմը առաջվա պես խաղում են առավել վտանգավոր զգացումների վրա` վիրավորանքի ու զայրույթի: Ժամանակակից աշխարհում, ուր էլ նայեք, ամեն տեղ իշխանություն են «ուժեղ մարդիկ»: Նրանց միավորում է ընդդիմության բերանը փակելու պահանջը, այլախոհության ֆանատիկ հետապնդումը և սեփական եսի անամոթ պանծացումը: Մեծ Եղբայրներն այլևս մռայլ հնարանք չեն, ժամանակակից աշխարհի հենասյուներից մեկն են:


2+2=5
Օրուելի հակաուտոպիկ աշխարհի թերևս ամենասարսափելի բնորոշիչը լեզվի աղավաղումն ու իմաստազրկումն է: Տոտալիտար վարչակարգը ձգտում է բնաջնջել բառերը, գաղափարներն ու զգացումները, որ նրանք արտահայտում են: Բռնապետության իսկական թշնամին իրականությունն է: Բռնապետներն ամբողջ ուժով ձգտում են խարխլել իրականության ընկալման հիմքերը` փոխարինելով ստով ու ֆանտոմներով: Ուինսթոն Սմիթի անհնազանդության առաջին հանդուգն դրսորումը դարձավ տեսախցիկի ամենատես աչքից թաքնվելու ու օրագիր վարելու փորձը` գիտակցելու համար սեփական «եսը» և նկարագրելու իր ներաշխարհը: Նա գիտի, որ դրա համար իրեն կարող են մահապատժի ենթարկել: Եվ կտտանքներից կոտրված` նա, այնուամենայնիվ, ընդունում է, որ «2+2=5»: Սմիթը հասկացավ, որ նրանք «ինչ-որ բան սպանեցին իմ կրծքում, այրեցին, խլացրին»:

Ահաբեկչությունը, որ գործադրում է իշխանությունը «1984» վեպում, ուղղված է անհատականության կորստին, մարդկանց իրականությունը գիտակցելու ունակության կործանմանը: Օրուելի վեպում ոչ մի գրամ ռելյատիվիզմ չկա, նա հիանալի հասկանում է` ինչքան ծանր է ստեղծված վիճակը շտկելը: Նրա գիրքը անխնա մանրամասներով ցույց է տալիս աշխարհի ամբողջ սարսափը, որտեղ մարդիկ ավելի ու ավելի քիչ բառեր ունեն և նրանց մտածողությունը խեղված է, գաղափարախոսությամբ աղավաղված: Աշխարհի բոլոր տոտալիտար վարչակարգերը արգելել ու արգելում են «1984»-ը, բայց մարդիկ կարդում ու գաղտնի տարածում են վեպի օրինակները: Իսկ ժողովրդավարական երկրներում վեպի վաճառքը ամեն տարի մեծանում է:


ԱՄՆ-ում նկատելի մեծացել է վեպի պահանջարկը, ակնհայտորեն դա արձագանքն է Թրամփի քաղաքականության: Իհարկե, հանրավոր չէ Օրուելի ստեղծագործությունն առանձնացնել նրա անհատականությունից: Գրողին հավանաբար կզվարճացնեին բազմաթիվ հուշարձաններն ու կիսանդրիները և իր համարյա թե սրբադասումը: Նրա հայացքները ֆեմինիստուհիների (բայց ոչ կանանց նկատմամբ ընդհանրապես), բուսակերների ու այլ սոցիալական խմբերի նկատամամբ հիմա հազիվ թե հասարակությունն առանց քննադատելու ընդուներ: Բայց նա հաստատուն համոզմունքներով մարդ էր: Նա չէր ձգտում հարստության, պայքարում էր այն ամենի համար, ինչ համարում էր ճիշտ, մեծահոգի էր մյուս գրողների նկատմամբ: Օրուելը փորձում էր աշխարհին նայել առանց պատրանքների ու երբեք չէր թաքցնում, որ տեսածն իրեն դուր չի գալիս: Ջորջ Օրուելը ոչ միայն փոխեց մեր հայացքն աշխարհին, ցույց տալով` ինչպես է ծագում բռնապետությունը: «1984» վեպը դարձել է յուրատեսակ տեղեկատու դժվար ժամանակներում ապրողների համար: Թվում է` մենք այլևս երբեք չպետք է հավատանք հերթական ճշմարտության նախարարությանը, որ հայտարարում է «Չիմացությունը ուժ է»: Այնուամենայնիվ, կյանքը շարունակ փորձարկում է մեզ:
Ջին Սիթոն, BBC


Հ.Գ. Ջորջ Օրուելի սքանչելի «1984»-ը նորից ու նորից կարդալու վեպ է, ամեն ընթերցում նոր որակ բերող ու նոր գիտելիք: Եվ խնդիրը միայն տոտալիտարիզմի դեմ պայքարող մարդը չէ, համակարգերի ու իզմերի պայքարում ոչնչացող մարդը չէ, կան գրքեր, որ չեն կարող չգրվել: Մարդը չի կարող չմտածել, ու երբ մարդը մտածում է, ամեն ինչ սկսվում է նորից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ